Ածխաջրեր
Օրգանական միացություններ են, որոնց կազմության մեջ մտնում են ածխածին, ջրածին, թթվածին: Տարբերում են. ա)մոնոսախարիդներ, որոնցից են գլյուկոզը, ֆրուկտոզը, ռիբոզը, դեզօքսիռիբոզը և այլն: բ)դիսախարիդներ, որոնք առաջանում են երկու մոնոսախարիդների միացումից: Դրանցից են՝ սախարոզը, լակտոզը, մալթոզը և այլն: գ)պոլիսախարիդներ, որոնք առաջանում են մոնոսախարիդների պոլիմերիզացիայի հետևանքով: Դրանցից են օսլան, ցելյուլոզը, գլիկոգենը և այլն: Ի դեպ, պոլիսախարիդների քայքայումից առաջանում են դի- և ապա մոնոսախարիդներ, որից աստիճանաբար նյութի քաղցրությունը մեծանում է: Դրան հակառակ մոնոմերների թվի աճման հետ զուգընթաց պոլիսախարիդների լուծելիությունը պակասում է, իսկ քաղցր համը՝ անհետանում: Այդ է պատճառը, որ բոլոր մոնոսախարիդները անգույն նյութեր են, լավ լուծվում են ջրում և ունեն հաճելի քաղցր համ: Որոշ մոնոսախարիդներ (գլյուկոզ, ֆրուկտոզ) մեծ քանակությամբ գտնվում են բույսերի պտուղներում: Գլյուկոզը մտնում է նաև արյան բաղադրության մեջ:
Նշանակությունը
խմբագրելԲարդ ածխաջրերից ցելյուլոզը բուսական բջիջների բջջապատի հիմնական մասն է կազմում և կատարում է կառուցողական ու պաշտպանիչ դեր, իսկ գլիկոգենը, որպես պահեստային նյութ, գտնվում է կենդանական բջիջներում (լյարդ): Ածխաջրերը առաջանում են բուսական բջիջներում ֆոտոսինթեզի պրոցեսում և օգտագործվում են ամինաթթուների, ճարպաթթուների, գլիկոզիտների կենսասինթեզի համար: Այդ բոլորից բացի ածխաջրերը ծառայում են որպես էներգիայի հիմնական աղբյուր (1կգ ածխաջրի ճեղքավորման հետևանքով առաջանում է 17.6 կՋ էներգիա): Ցելյուլոզը օգտագործվում է նաև որպես սննդանյութ որոշ կենդանիների, բակտերիաների և սնկերի համար: Ի դեպ, ցելյուլոզը մինչև գլյուկոզ քայքայող ցելյուլազա ֆերմենտը բնության մեջ քիչ է հանդիպում, որի հետևանքով այն չի յուրացվում կենդանիների և մարդու օրգանիզմում: Սակայն որոճող կենդանիների աղիներում կան սիմբիոտիկ բակտերիաներ, որոնք մարսում են ցելյուլոզը: