Աքցանապուր
Կատեգորիա՝Ամերիկյան խոհանոց
Չափաբաժին՝6-8
Ժամ՝մեկ ժամ
Դժվարություն՝Միջին
Աքցաններ

Աքցանապուրը կամ անգլերեն ասած՝ քլամ չաուդերը ԱՄՆ-ի արևելյան մասերում՝ Նյու Յորքում, Բոստոնում, Բալտիմորում, և այլ մասերում, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի նման ծովափնյային վայրերում տարածված տաք և հյութեղ ապուր է, որը հատկապես օգտագործվում է ցուրտ եղանակներին և օգտագործում է աքցաններ:

Աքցանները երկփեղկ կակղամորթեր են, որոնք ապրում են ջրային մարմինների մոտ, սովորաբար ավազների մեջ: Աքցանները և իրենց հյութը լի են Բ12 վիտամիով ու ֆոսֆորով, ինչպես նաև այլ սննդանյութերով:

Աքցանների պատրաստումը

խմբագրել

Աքցանները կարող եք ձեռք բերել երեք եղանակով՝ թարմ, պահածոյացված, կամ սառեցրած:

Պահածոյացված աքցանները սովորաբար լինում են կտրտած և արդեն պատրաստ. այդ դեպքում հավելյալ պատրաստվածություն պետք չէ, միայն պահել հյութը օգտագործման համար:

Թարմ աքցանները բացելու մեթոդ

Թարմ աքցանները պետք է լինեն փակ՝ որը ցույց է տալիս, որ դեռ կենդանի են: Եթե թարմ աքցաններից որևէ մեկի երկփեղկը բաց է, ապա այն սատկել է և պետք է դեն շպրտել: Թարմ աքցանները պետք է նախ ջրով ու սպունգով լավ մաքրել՝ ավազները հեռացնելու համար: Հետո դրվում են ջրով ղազանի մեջ և եռացվում 10-12 րոպե, ապա դուրս բերվում բացված երկփեղկերը աքցանը դուրս բերելու և օգտագործման համար: Փակ մնացած երկփեղկերը եռացվում են ևս 5 րոպե: Եթե չբացվեցին՝ պետք է իրենց դեն նետել: Ջուրը պետք է պահվի և ֆիլտրվի օգտագործման համար:

Սառեցրած աքցանները, քանի որ արդեն սատկել են, սառը ջրի տակ սպունգով լավ լվանալ. սառույցները հալվելուն պես ինքնըստինքյան բացվում են ու կարելի է ներքինը հանել ու մեկ ժամ ջրի մեջ պահել, որպեսզի եթե ավազներ կան՝ դուրս գան: Ջուրը ևս պետք է նախքան օգտագործելը ֆիլտրել:

Թղթյա սրբիչ՝ հյութը ֆիլտրելու համար

Ֆիլտրելու համար, նուրբ քամիչի մեջ փռվում է երկու թղթյա սրբիչ և ջուրը դրանով անցկացվում, որը առանձնացնում է ավազահատիկները՝ առկայության դեպքում:

Բաղադրություն

խմբագրել
  • 1 մեծ սոխ կամ 2 փոքր սոխ
  • 4 մեծ գետնախնձոր (կարտոֆիլ)
  • 3 ճյուղ մեծ նեխուր կամ 6-8 ճյուղ փոքր նեխուր (տերևներն առանձնացնել)
  • 1/2 կգ աքցան
  • Աքցանի հյութ (կարելի է փոխարինել հավի ջրով)
  • 1 1/2 բաժակ սերուցք
  • 1 1/2 բաժակ կաթ
  • 3 գդալ սպիտակ ալյուր
  • 2 գդալ ուրց
  • 2 դափնետերև
  • Աղ ըստ ցանկության
  • 2 գդալ կարագ
  • Ձեթ՝ սոխորածի համար

Պատրաստման եղանակ

խմբագրել
  1. Սոխը մանրացնել փոքր քառակուսիների: Նեխուրը լվանալ և ևս մանրացնել: Գետնախնձորը ևս լվանալ, կեղևազրկել, ու փոքր՝ մինչ 1 սմ երկարությամբ խորանարդների բաժանել:
  2. Կաթսայի տակը լցնել մի փոքր ձեթ ու սոխերը մի քանի րոպե տապակել:
  3. Սոխորածի վրա ավելացնել փշրած ուրցը և մի քանի անգամ խառնել: Ապա ավելացնել աղը:
  4. Ավելացնել նեխուրի կտորները և մի քանի րոպե խառնել:
  5. Ավելացնել գետնախնձորի կտորները և ևդ 5 րոպե խառնելով տապակել:
  6. Ավելացնել կարագը և մի քանի անգամ խառնել, որ հալվի:
  7. Ավելացնել ալյուրը և քանի անգամ խառնել, մինչ գունդեր չլինեն:
  8. Ավելացնել աքցանի հյութը, ապա կաթն ու սերուցքը, և խառնել: Ավելացնել դափնետերևները և կրակը բարձրացնել մինչ սկսի եռալ: Ապա կափաարիչը դնել և կրակը իջեցնել, որպեսզի մարմանդ եփվի մինչ 15 րոպե կամ գետնախնձորների փափկելը:
  9. 5 րոպե մնացած ավարտին կարելի է նաև ավելացնել նեխուրի մանրացրած տերևներ:
  10. Աքցաններն փոքր կտրատած՝ ավելացնել ամենավերջում և թողնել, որ 1-ից 2 րոպե եփվի՝ բայց ոչ ավել: Ավելին եփելու դեպքում, աքցանները փափուկ և հյութալի դառնալու փոխարեն՝ կաշվի պես պինդ ու ծամելի են դառնում:
  11. Մատուցել տաք և սուխարիկներով: Կարելի է զարդարել մի քիչ մանրացրած մաղադանոսի տերևով: