Թթուներ
Թթուները քիմիական նյութեր են, որոնց մոլեկուլները բաղկացած են մետաղների ատոմներով տեղակալվելու ընդունակ ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդից: Թթուները ջրում առաջացնում են H+ իոններ: Այդ իոնների առկայությամբ էլ պայմանավորված են թթուների ջրային լուծույթների հատկությունները՝ թթու համը, քիմիական ինդիկատորների գույնը փոխելու ունակությունը և այլն: Ըստ մոլեկուլից պոկվող պրոտոնների թվի՝ թթուները լինում են միահիմն (HCl, HNO3, CH3COOH), երկհիմն (H2SO4, H2CO3), եռհիմն (H3PO4): Որքան մեծ է թթվի իոնների տրոհման` դիսոցման աստիճանը, այնքան այն ավելի ուժեղ է: Ըստ բաղադրության` թթուները լինում են թթվածնավոր (HNO3, H2SO4, H2CO3, H3PO4 և այլն) և անթթվածին (HCl, HBr, HF, H2S և այլն):