Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր31
8.4 Բազմակի ալելներ
Մինչև այժմ առաջադրված գենետիկական խնդիրներում որոշակի գենի ալելների թիվը միշտ երկուսն էր, բայց լինում են դեպքեր, որ դրանք երեքն են, չորսը և ավելի շատ: Մարդու բազմակի ալելների օրինակ կարող են ծառայել ABO համակարգով ժառանգվող արյան խմբերը, որոնք որոշող ալելները կարելի է նշանակել հետևյալ կերպ՝ IA, IB և I°: Սրանց տարբեր զուգակցություններով ստացվում են մարդու արյան չորս խմբերը:
I°I° Օ կամ I խումբ IAIA կամ IAI° A կամ II խումբ IBIB կամ IBI° B կամ III խումբ IAIB AB կամ IV խումբ
281. Ծնողներն ունեն արյան III և IV խմբեր: Արյան ի՞նչ խմբեր կարող են ունենալ նրանց երեխաները:
282. Ծնողներն ունեն արյան I և IV խմբեր: Կարո՞ղ են, արդյոք, զավակներն ունենալ ծնողներից մեկի արյան խումբը:
283. Ընտանիքում երեխաների արյան խմբերն են՝ I և IV: Կարո՞ղ ենք, արդյոք, իմանալ ծնողների արյան խմբերը:
284. Ծննդատանը շփոթել էին երկու երեխաների, որոնք ունեին արյան I և II խմբեր: Նրանց մայրերն ունեն II և IV խմբեր: Կարելի՞ է պարզել, ով որ երեխայի մայրն է: Գտնել նաև հայրերի հավանական արյան խմբերը:
285: Մի՞շտ է, արդյոք հնարավոր ծնողների արյան ներարկումը զավակներին:
286. Ծնողներն ունեն արյան II և III խմբեր: Նրանց առաջին երեխան ուներ արյան I խումբ: Այդ ընտանիքում ծնվեցին երկձվային երկվորյակներ: Ինչպիսի՞ հավանականությամբ երկվորյակները կունենան արյան I խումբ:
287. Ռեզուս գործոնը ժառանգվում է որպես դոմինանտ հատկանիշ: Ռեզուս դրական և արյան II խմբով ծնողներից ծնվեց երեխա՝ արյան I խմբով և ռեզուս բացասական արյունով: Գտնել հաջորդ երեխայի ռեզուս բացասական արյունով ծնվելու հավանականությունը: Ի՞նչ հնարավոր արյան խումբ կունենա:
288. Ալիքաձև մազերը ստացվում են որպես միջանկյալ հատկանիշ, երբ ծնողներից մեկն ունենում է գանգուր մազեր, իսկ մյուսը՝ ուղիղ: Ալիքաձև մազերով և արյան I խմբով տզամարդը ամուսնանում է ալիքաձև մազերով և արյան III խմբով կնոջ հետ: Գտնել գանգուր մազերով երեխաներ ծնվելու հավանականությունն այդ ընտանիքում, և արյան ի՞նչ խումբ կունենան նրանք:
289. Շագանակագույն աչքերով, արյան III խմբով տղամարդը, որի մայրը երկնագույն աչքերով և արյան II խմբով է, ամուսնացավ երկնագույն աչքերով և արյան I խմբով կնոջ հետ: Այդ ընտանիքում ծնվեց երկու երեխա (ոչ միաձվային երկվորյակներ): Ինչպիսի՞ հավանականությամբ այդ երկու երեխաներն էլ կունենան շագանակագույն աչքեր և արյան III խումբ (հոր ֆենոտիպը), եթե շագանակագույն աչքերը որոշող գենը դոմինանտում է երկնագույն աչքեր պայմանավորող գենի նկատմամբ և շղթայակցված չէ արյան խումբը ABO համակարգով որոշող գենի հետ:
290. Բազմամատությունը ժառանգվում է աուտոսոմային դոմինանտ գենով, որը շղթայակցված չէ արյան խումբը ABO համակարգով որոշող գենի հետ: Ընտանիքում, որտեղ ամուսինը բազմամատ էր և ուներ արյան IV խումբ, իսկ կինը՝ նորմալ թվով մատներ և արյան II խումբ, ծնվեց երեխա՝ մատների նորմալ թվով և արյան III խմբով: Գտնել այդ ընտանիքում հաջորդ երեխայի մատների նորմալ թվով ծնվելու հավանականությունը: Արյան ո՞ր խումբ կունենա նա:
Պատասխաններ.
281. Եթե B(III) խումբ ունեցող ծնողի գենոտիպը IBIB է, ապա B(III) և AB(IV) խմբերի, իսկ եթե գենոտիպը IBI° է, ապա A(II), B(III), AB(IV):
282. Ոչ:
283. A(II) և B(III) խմբերի:
285. Ոչ միշտ:
286. 1/6:
287. 1/4, ռեզուս բացասական արյունով երեխաների 3/4-ը կլինի արյան II խմբով, իսկ 1/4-ը՝ արյան I խմբով:
288. 1/4, ընդ որում, եթե կնոջ գենոտիպը AaIBIB է, բոլոր երեխաները կունենան արյան B(III) խումբ, իսկ եթե AaIBI° է, կեսը կունենա արյան B(III), իսկ մյուս կեսը՝ O(I) խումբ:
289. 1/16:
290. 1/2, արյան խումբը կարող է ունենալ A(II) (1/2 հավանականությամբ), B(III)(1/4 հավանականությամբ) և AB(IV)(1/4 հավանականությամբ):