Ջիվանի
Ջիվանի (Սերովբե[4] (Սերոբ) Ստեփանի Բենկոյան[5] (Լևոնյան)) (1846, Կարծախ – մարտի 5, 1909), հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ։ Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Ունեցել է բազմաթիվ շրջագայություններ իր խմբով, հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում։ Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Ենթարկվել է հետապնդումների, երբեմն արգելվել են նրա ելույթները, բռնագրավել են նվագարանը։ Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիումև այլուր[4]: Կենսագրություն Սերովբե Բենկոյանը ծնվել է 1846 թվականին Ջավախքի Կարծախ գյուղում՝ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Բասենից գաղթած Բենկոյենց Գասպարի ընտանիքում։ Հայրը մահանում է երիտասարդ հասակում, իսկ մայրը ամուսնանում է հարևան Դադեշ գյուղում։ Սերովբեն և նրա երկու եղբայրները՝ Քերոբն ու Փիլիփոսը, զրկվում են մայրական խնամքից։ Մորից բաժանվելու վշտի ազդեցության տակ նա հետագայում գրում է իր հռչակավոր «Մայրիկ» երգը։ Սերովբեի հորեղբայրը՝ Մարտիրոսը, որը Կարծախում ճանաչված մարդ էր, իր վրա է վերցնում երեք որբուկների խնամքը։ Ժամանակներն ու պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի Սերովբեն կարողանա սիստեմատիկ կրթություն ստանա։ Գյուղական խալիֆայական դպրոցում նոր էր գրել-կարդալ սովորել, երբ հորեղբայրը Սերովբեին դպրոցից դուրս է բերում և կարգում հորթարած։ Ուսման, երգի ու երաժշտության հանդեպ սերը նրա մեջ արթնանում է վաղ հասակից։ Նրա ընկեր Ավետիս Պողոսյանը պատմել է. «Մի խումբ պատանիներ Խոզապին լճի ափին անասուններ էինք արածեցնում: Մեզ հետ էր նաև Սերոբը: Նա հազվադեպ էր մասնակցում մեր ընկերական խաղերին, շարունակ առանձնանում էր, ցածր ձայնով երգում և հետն էլ ճիպոտի վրա, «նվագում»: Մի օր էլ տեսնենք սա իր հետ բերել է տախտակի մի կտոր և ձիու պոչից քաշած մազ։ - Ինչի՞ համար են դրանք,- հարցնում ենք նրան։ Սա թե՝ սազ եմ շինելու։ Երբ մենք սովորականի պես սկսեցինք մեր խաղը, Սերոբը առանձնացավ։ Կեսօրին տեսնենք, «սազը» պատրաստ է։ Նա երգում էր հորեղբայր Մարտիրոսից սովորած մի երգ ու հետն էլ խփում «սազի լարերին»: Ավա՜ղ, մենք ծիծաղում էինք ու չէինք ենթադրում, որ մեր դիմաց կանգնած է ապագա տաղանդավոր աշուղ Ջիվանին»: Նա հետաքրքրությամբ է լսում Կարծախ այցելած շրջիկ աշուղների երգն ու զրույցը և նրա մեջ հետզհետե ամրապնդվում է աշուղ դառնալու ցանկությունն ու երազանքը, և ինքն էլ սկսում է երգեր հորինել։ Համագյուղացի աշուղ Սիային, ում սև լինելու պատճառով կոչում էին Ղարա-Ղազար, նկատում է պատանու հակումներն ու սերը և համաձայնվում է վերցնել վերջինիս իրեն աշակերտ։ Ջիվանին Սիայուն աշակերտում է հինգ տարի։ Սովորում է ու հմտանում աշուղական երգարվեստի մեջ։ Նա շուտով սովորում է նաև սազ նվագել, տիրապետել աշուղական արվեստի նրբություններին ու յուրահատկություններին, հորինել, երբեմն էլ գերազանցել նաև իր վարպետին։ Ընդունված կարգի համաձայն՝ աշուղ Սիային նրան հինգ տարի անց շնորհում է աշուղի կոչում և աշուղի անուն՝ Ջիվանի[Ն 1]: Աշխատանքի բերումով 1864 թվականին Ջիվանին հորեղբոր հետ գնում է Թիֆլիս, ապա Ալեքսանդրապոլ, որն աշուղների կենտրոնն էր համարվում։ Այստեղ ապրող ու ստեղծագործող աշուղների մասին նա լսել էր Կարծախ այցելած աշուղներից։ Թիֆլիսից դարձյալ աշխատանքի բերումով Ջիվանին գնում է Ալեքսանդրապոլ և Տալոյանների սրճարանում, ընդառաջելով ներկաներին, երգում է իր հորինած երգերը և գովասանքի արժանանում սրճարանում ներկա գտնվող աշուղների կողմից։ Հենց այս տարիներին Ջիվանին ծանոթանում է Կարծախ այցելած նորբայազետցի աշուղ Սազայու հետ, որի համատեղ աշխատելու առաջարկը նա ընդունում է[7]: Երկու երիտասարդ աշուղները սկսում են միասին հանդես գալ։ Սկզբնական շրջանում նրանք հանգրվանում են Թիֆլիսում, ելույթներ ունենում վանեցի Կարապետ Սոնանյանցի սրճարանում։ Կարճ ժամանակամիջոցում նրանք անուն ու հռչակ են ձեռք բերում։