Մեխանիկական շարժում: Մեխանիկայի հիմնական խնդիրը: Համընթաց շարժում: Նյութական կետ: Մարմնի դիրքը տարածության մեջ: Հաշվարկման մարմին: Հաշվարկման համակարգ: Հետագիծ, ճանապարհ և տեղափոխություն

խմբագրել
  1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:

    Մեխանիկական շարժում է կոչվում ժամանակի ընթացքում տարածության մեջ մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կամ մարմնի մասերի դիրքերի փոփոխությունն իրար նկատմամբ:

  2. Ձևակերպել մեխանիկայի հիմնական խնդիրը:

    Մեխանիկայի հիմնական խնդիրն է որոշել մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի ցանկացած պահին:

  3. Ո՞ր շարժումն է կոչվում համընթաց: Բերել օրինակ:

    Համընթաց կոչվում է այն շարժումը, որի ժամանակ մարմնի ցանկացած երկու կետեր միացնող ուղիղը շարժման ընթացքում մնում է ինքն իրեն զուգահեռ:

  4. Ի՞նչն են անվանում նյութական կետ: Բերել օրինակ:

    Նյութական կետ է կոչվում այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել: «Տվյալ պայմաններում» ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ դեպքում կարելի է համարել նյութական կետ, եթե նրա չափերը շատ անգամ փոքր են նրա անցած հեռավորության համեմատությամբ:

  5. Ի՞նչն են անվանում հաշվարկման մարմին:

    Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմիններ:

  6. Ի՞նչից է կազմված հաշվարկման համակարգը:

    Հաշվարկման մարմինը, նրա հետ կապված կոորդինատային համակարգը և ժամանակի հաշվարկման սարքը՝ ժամացույցը, միասին կազմում են հաշվարկման համակարգը, որի նկատմամբ էլ դիտարկվում է մարմնի շարժումը:

  7. Ի՞նչն են անվանում տեղափոխություն:

    Մարմնի սկզբնական դիրքը վերջնական դիրքին միացնող վեկտորը կոչվում է տեղափոխություն:

  8. Ի՞նչն են անվանում նյութական կետի շարժման հետագիծ:

    Նյութական կետի շարժման հետագիծ կոչվում է այն կետերի բազմությունը (կետերի երկրաչափական տեղը) , որոնցով տվյալ հաշվարկման համակարգում անցնում է մարմինը շարժման ընթացքում:

  9. Ի՞նչն են անվանում ճանապարհ:

    Ճանապարհ է կոչվում հետագծի երկարությունը:

  10. Ի՞նչ է նշանակում «լուծել մեխանիկայի հիմնական խնդիրը» արտահայտությունը:

    «Լուծել մեխանիկայի հիմնական խնդիրը» արտահայտությունը նշանակում է գտնել մարմնի դիրքը որոշող ֆիզիկական մեծության կախումը ժամանակից:

  11. Ո՞ր դեպքում է մարմնի անցած ճանապարհը հավասար նրա տեղափոխության մեծությանը (մոդուլին):

    Երբ մարմնի հետագիծը կհամընկնի տեղափոխության հետ, ապա մարմնի անցած ճանապարհը հավասար կլինի նրա տ-ափոխության մոդուլին, իսկ դա տեղի կունենա երբ մարմինը շարժվի ուղղագիծ:

.