Եւ (ԵՎ, եւ) տառի ուղղագրության կանոններ

Ուղևճար

և (ԵՎ, եւ) տառի ուղղագրության կանոններ

խմբագրել

Մեծատառ և հայերենում չկա. մեծատառի անհրաժեշտության դեպքում գրվում է ԵՎ տառակապակցությունը։

Բառասկզբում, բացի ևեթ, ևս բառերից՝ միշտ գրվում է եվ տառակապակցությունը, ինչպես՝ Եվա, Եվգինե, Եվրոպա, եվրո (դրամական միավոր), եվրոպացի, եվոլական տավիղ 1 և այլն։ Եթե բառասկզբում եվ ունեցող բառերին սկզբից բառակազմական նոր բաղադրիչ է ավելանում, ապա պահպանվում է գրության նույն սկզբունքը, ինչպես՝ արևելաեվրոպական, համաեվրոպական, հնդեվրոպական և այլն։

Բառամիջում գրվում է եվ, եթե ե-ին հաջորդող վ-ն արմատի սկզբնատառ է, օրինակ՝ ագեվազ (կենգուրու), գերեվարել, գինեվաճառ, գինեվարպետ, դափնեվարդ, կարեվեր (խորը մարմնի վերք կամ սրտի վիշտ ունեցող, հնց., «կարևոր վերք»), հոգեվարք, հոգեվիճակ, ոսկեվազ, ոսկեվարս, ուղեվճար և այլն։

Հակառակ դեպքում բառամիջում գրվում է և:

Բացատրություն․ Սովորաբար վ-ին նախորդող ե-ն լինում է ի+ա-ե հնչյունփոխության հետևանքով, օրինակ՝ գինի+ա+վաճառ -> գինեվաճառ։

Իսկ -վոր-ով կազմված բառերում գրվում է և, ոչ թե եվ, որովհետև -վոր-ը վերջածանց է, այլ ոչ թե արմատ, բառամիջում միայն արմատի առաջին տառ հանդիսացող վ-ն գրվում է առանձին տառով, իսկ ածանցի դեպքում եվ տառակապակցությունը գրվում է և տառով: Օրինակ՝ ագևոր (ագի-ա-վոր), ալևոր, գոտևորել, հոգևոր, ոգևորել, ոսկևորել, ուղևոր, ունևոր։

Վանկատման ժամանակ գրվում է եվ, երբ ե-ն և վ-ն պատկանում են տարբեր վանկերի, ինչպես՝ հա-րե-վան, հո-գե-վոր, ու-ղե-վոր և այլն:

Տողադարձի ժամանակ գրվում է եվ, եթե ե-ն մնում է վերևի տողում, իսկ վ-ն անցնում հաջորդ տող, օրինակ՝ հոգե-վոր, ուղե-վոր։

Այլապես գրվում է և, ինչպես՝ հո-գևոր, ու-ղևոր։

«և» տառը համակարգչում

խմբագրել

Այն դեպքերում երբ համակարգչի գրառման համակարգը թույլ չի տալիս ներմուծել կամ արտատպել «և» տառը, այն պետք է արտատպել «եւ» տարբերակով։ Այդպիսի օրինակներ են որոշ սմարթֆոնների ներմուծման վիրտուալ ստեղնաշարերը, որոշ կայքերի վիրտուալ ստեղնաշարերը։ Այդպիսինն էին պատմականորեն նաև որոշ տառատեսակներ (արտապատկերում) և ստեղնաշարի դրայվերներ (ներմուծում) MS-DOS և Windows՝ մինչև Windows 3.11 օպերացիոն համակարգերում։

Այսպիսով՝ համակարգչում և տառը կարող է ունենալ 3 ներկայացում․ «և»՝ փոքրատառի համար, «ԵՎ»՝ մեծատառի համար, և ավելի հազվադեպ տարբերակ «եւ»՝ ներմուծելու կամ արտապատկերելու սահմանափակում ունեցող համակարգի դեպքում։ Ի դեպ, արևմտահայերենում գրվում է «եւ» (փոքրատառ)՝ «ԵՒ» (մեծատառ)։

«և» տառը Համացանցի .հայ տիրույթային անուններում (domain name)

խմբագրել

.հայ IDN ccTLD Համացանցի րեգիոնալ տիրույթային անուններում IDN, (Internationalized domain name) «և» տառը գրելիս, գրառելն հնարավոր է միայն «եւ» գրելաձևի միջոցով։ Սահմանափակումը մտցվել է ոչ միտումնավոր, սակայն պահպանվել է։

Տես նաև

խմբագրել

Հղումներ

խմբագրել
  • «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» Ա․ Սարգսյան, Ս․ Համբարձումյան, Երևան,2012 էջ․ 22-23