Եփութուխ:Թավայի քյաբաբ
(Վերահղված է Եփութուխ:Թավայով քյաբաբից)
Թավայի քյաբաբ | |
---|---|
Կատեգորիա՝ | Պարսկական խոհանոց |
Դժվարություն՝ |
Թավայի քյաբաբը պարսիկների և հատկապես ազերի իրանցիների կողմից պատրաստվող քյաբաբանման ուտեստ է։ Այն պատրաստվում է երբ կրակարան (մանղալ) առկա չէ և փոխարենը տապակ (թավա) կա, բայց բոլորը քյաբաբի հավես են արել։ Այդ և նաև այն պատճառով որ հեշտ է նրա պատրաստելը, հատկապես տարածված է օրինակ այն ուսանողների շրջանում ովքեր հանրակացարանում են մնում և ընտանիքներից հեռու են։
Բաղադրություն
խմբագրել- 500 գ տավարի միս
- 1 հատ մեծ սոխ
- 1 թգ սև պղպեղ (կամ ըստ ցանկության)
- 1 թգ աղ (կամ ըստ ցանկության)
- 1/2 թգ դեղին կոճ
- 1/2թգ սխտորի փոշի
- 1 թգ լոլիկի մածուկ
- [Ընտրովի] աղտոր (սումախ) ըստ ցանկության
- [Ընտրովի] քրքում (զաֆրան) ըստ ցանկության
- Մի քիչ ձեթ
Պատրաստման եղանակ
խմբագրել- Սոխը քերել։ Քանի որ սա թավայում է պատրաստվում և քյաբաբի իրարից ցրիվ գալու խնդիրը շամփուրի վրա առկա չէ, կարելի է սոխի ջուրը դուրս չթափել, բայց մի քիչ քչացնելը կօգնի քյաբաբի ինքն իրեն բռնելուն։
- Միսը, քերած սոխը, աղը, պղպեղը, սխտորի փոշին, դեղին կոճը և լոլիկի մածուկը իրար հետ ձեռքով լավ հունցել։ Ավելի լավ է որ հունցելուց հետո որոշ ժամանակ խառնուրդը մի կողմ (օր․՝ սառնարանում) թողնել որ համեմունքների համը լավ մսի մեջ մտնի։ Որոշները սիրում են նաև աղտոր և/կամ քրքում ավելացնել խառնուրդին, իսկ ուրիշները պնդում են, որ այդ համեմունքները պակսացնում են քյաբաբի իսկական համից։
- Շատ քիչ ձեթ լցնել թավայում (քանի որ միսն արդեն որոշ յուղ ունի) և միսը լավ տափակացնել և սփռել թավայում և թողնի լավ կարմրի և եփվի։
- Մի քիչ եփվելուց հետո փայտե մածկիչով քյաբաբը պատկերի պես երկար ու բարակ կտորների բաժանել թավայում։
- Երբ մի կողմե եփվեց կտորները մեկ-մեկ շուռ տալ թավայում որ մյուս կողմն էլ կարմրի ու եփվի։
- Պարսիկները հաճախ եփելիս նրա կողքին երկու կամ չորս կտոր արած լոլիկ են դնում, որ այն էլ եփվի, իսկ եփվելուց հետո քյաբաբն ու տապակած լոլիկը մատուցում են սպիտակ փլավի հետ միասին։ Ուտելուց առաջ քյաբաբի վրա կարելի է մի քիչ աղտոր շաղ տալ։