Չորաթան կամ չորթան
Հարած չորաթան

Չորաթան կամ Չորթանը թեթև թթվաշ համով կաթնամթերային արտադրանք է, որն օգտագործվում է տարբեր կերակրատեսակներ պատրաստելու համար։

Քուրդ կանայք քամած թանի գունդերը փռում են, որ չորանան և չորաթան դառնան

Չորաթանը կարագի պատրաստման ընթացքում արտադրվող մի քանի սննդամթերքներից է։ Գյուղերում, կարագ պատրաստելու համար մածունը լցնում էին խնոցու մեջ և հարում մինչ կարագի պատրաստվելը։ Կարագը մածունից առանձնացնելուց հետո, մնացած հեղուկը թանն է։ Թանը պիտի եփվեր մինչև կտրվեր և ջուրը առանձնանար։ Եփած թանը կտորե կամ բրդե քսակում էին լցնում մինչ ջուրը քամվեր․ քաշված ջուրի անունը շիճուկ էր, քամած մածունի թանձրությամբ մի նյութ ստացվեր։ Ապա այդ նյութին մի քիչ աղ էր ավելանում, և բուռի մեջ գունդ-գունդ էին անում, ապա գունդերը փռում էին արևի տակ որպեսզի չորանան, քանի որ սառնարանում պահելու հնարավորություն չկար։ Այժմ այն պահվում է սառցարանում։ Արդյունքում ստացվում էր չորթանը։ Լիբանացիները գունդերը պահում են ձիթապտղի ձեթի մեջ և դրանց «լաբնա» են կոչում։

Չորաթանը կերակրատեսակում օգտագործելուց առաջ միշտ հարում կամ ջրով բացում են։

Չորաթանը օգտագործվում է հայկական, պարսկական, քրդական, և թրքական խոհանոցներում․ որի արդյունքում քրդերեն և ադրբեջաներենը հայերենից փոխ են առել չորթան բառը։ Պարսկերենում այն կոչվում է «քաշք»։

Չորաթանը նաև նշվել է 8-րդ դարից եկած Սասունցի Դավիթ հերոսավեպում․ Եգիպստոսի տիրակալի (Մըսրա Մելիքի) կողմից թալանի համար Սասուն ուղարկած Կոզբադին, ճանապարհին հարցնող եգիպտացի կնոջ պատասխանում է․

Կերթանք Սասուն առ ու թալան.
Կարմիր եզներ բերենք լծան,
Սիրուն կովեր բերենք կըթան,
Որ դուք անեք եղ ու չորթան։


Չորթան օգտագործող բաղադրատոմսեր

խմբագրել